Մարդիկ անելանելի վիճակում են, իսկ իշխանությունները թքած ունեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ են ստացվում, որ նորանոր սահմանափակումներ են գործելու Հայաստանից Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Խոսքը, մասնավորաբար, հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի, չրերի, ձկնամթերքի, ծաղիկների, խաղողի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և բազմաթիվ այլ ապրանքների մասին է:
Սա ինքնին առաջին հերթին նշանակում է մեծագույն հարված արտահանմամբ զբաղվողներին, ֆերմերներին, գյուղացիներին: Պատահական չէ, որ արդեն իսկ լուրջ դժգոհություն կա վերջիններիս շրջանում: Ավելին, վերջին երկու օրերին Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը պարբերաբար փակվում են, հայ-վրացական սահմանին լարված իրավիճակ է։ Վարորդները, ջերմոցների սեփականատերերը և ֆերմերները բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով, որ չեն կարողանում իրենց արտադրանքը արտահանել ԵԱՏՄ շուկաներ։ Մեր տեղեկություններով, դժգոհության կուտակումներ կան հանրապետության ամբողջ տարածքում. ժողովուրդը պարզորոշ գիտակցում է, թե ինչ աղետ է սպասվում բոլորին Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պատճառով: Մեր թղթակիցները տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Բավրայի անցակետրի մոտ զրուցել են մի շարք ֆերմերների հետ: Նրանցից շատերը չեն ցանկացել, որ իրենց անունը հրապարակվի՝ անհանգստանալով երկրում տիրող ռեպրեսիաներից: Այդուամենայնիվ, նրանք իրենց մեծ դժգոհությունն են արտահայտել ստեղծված վիճակից, նշել են, որ իշխանությունների խոստումները, թե ապրանքները կարտահանվեն ԵՄ, պարզապես փուչիկ են, ոչ մի լուրջ բան չկա: «Մինչև տեղից շարժվեն, մեր ամբողջ բերքը կփչանա: Եվ հետո, այդպիսի քանակ ո՞նց են կազմակերպելու արտահանել Եվրոպա, ո՞ւմ միջոցով, ինչքա՞ն ժամանակ կարող են այս PR-ն ապահովել»,-զայրացած ասել է զրուցակիցներից մեկը: