Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է տարածաշրջանի երկրներին
Եթե տարածաշրջանային երկրներում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներն օգտագործվեն Իրանի դեմ հարձակումների համար, դրանք կդառնան Իսլամական Հանրապետության օրինական թիրախներ։
Tasnim լրատվական գործակալությանը հղումով՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք զգուշացրել ենք տարածաշրջանային երկրներին, որ եթե ԱՄՆ բազաներն օգտագործվեն Իրանի դեմ ագրեսիայի համար, դրանք կդառնան մեր օրինական թիրախները», - ասել է նա։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի պատասխանն ուղղված է եղել ոչ թե տարածաշրջանային երկրների տարածքներին, այլ ԱՄՆ բազաներին. «Այս համատեքստում մենք մշտական կապի մեջ ենք եղել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Տարածաշրջանի շատ երկրներ դեմ են եղել իրենց օդային տարածքի օգտագործմանը Իրանի դեմ, բայց, ցավոք, ԱՄՆ-ն այդ հնարավորությունները օգտագործեց մեր դեմ»։