Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հայոց բանակի զինվորները խափանեցին հակառակորդի նենգ ծրագիրը. Գարեգին Բ

Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելել են Գանձասարի վանք։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Վանքի մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ողջունել են պատմական այս առիթով հավաքված բազում հայորդիներ՝ զինվորականներ, պատանիներ և տարեցներ։ Թեմի եկեղեցականներից և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևոր սպասավորներից կազմված թափորը Ամենայն Հայոց Հայրապետին և Կիլիկիո Կաթողիկոսին, վանքի զանգերի հաղթական ղողանջների ուղեկցությամբ, «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո առաջնորդել է Ս․ Հովհաննես Մկրտիչ պատմական տաճար, ուր կատարվել է միասնական աղոթք Արցախ աշխարհի խաղաղության համար։

Սաղմոսերգությունից և «Առ դռանն սրբոյ եկեղեցւոյ» աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի այցն Արցախ ողջունել է թեմակալ առաջնորդ Պարգև Սրբազանը։

«Այսօր Գանձասարի վանքը, Արցախ աշխարհը ցնծության մեջ է․ Հայոց Հայրապետներն օրհասական պահի եկել են Արցախ, այս պատմական վանքը՝ գոտեպնդելու ժողովրդին, Արցախի իշխանություններին, հայ զինվորներին ու հայ հոգևորականներին, որպեսզի մենք ամենքս գոտեպնդված կարողանանք մեր առաքելությունը շարունակել։ Հենց օրհասական պահին մենք վկա ենք պատմական մի իրողության, երբ մեր Հայրապետները մեր կողքին են, մեզ հետ են՝ զորացնելու մեզ Աստծով», – նշել է Սրբազան Հայրն իր խոսքում։

Այնուհետև ներկաներին և ողջ արցախահայությանը իր զորակցության պատգամն է ուղղել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ասելով․

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, Հայրապետական Մեր սերն ու աղոթքը և աշխարհասփյուռ ձեր եղբայրների ու քույրերի զորակցությունն ենք բերում ձեզ: Այսօր Մեր սիրելի հոգևոր եղբոր` Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ եկել ենք նվիրական այս եկեղեցու կամարների ներքո ձեզ հետ միասին աղոթք բարձրացնելու Արցախ աշխարհի խաղաղ կյանքի համար: Եկել ենք աղոթելու մեր զինվորների անվտանգ ու ապահով ծառայության համար: Եկել ենք զորակցություն բերելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, ողջ արցախահայ մեր ժողովրդին` Արցախի խաղաղ, լուսավոր կյանքը կերտելու իրենց ջանքերում: Եկել ենք` գոտեպնդելու Արցախի մեր ժողովրդին, գոտեպնդելով՝ նաև գոտեպնդվելու արցախահայության անկոտրում կամքով և քաջարի ոգով մեր զինվորների: Փառք քեզ, արցախահայություն, փառք քեզ, Հայոց բանակ: Հպարտ ենք ձեզանով, ձեր սխրանքներով, ձեր խիզախ պահվածքով:

Գոհություն Աստծո, Հայոց բանակի արիասիրտ զինվորները հերոսաբար դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Խափանեցին ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու նենգ ծրագիրը: Հակառակորդի մարտական զենքերը, որքան էլ ժամանակակից, անկարող եղան հաղթանակ ապահովելու: Ավետարանական պատումի նմանությամբ թշնամու զորքերը հողմերի պես բախվեցին ազատության և անկախության ապառաժի վրա հաստատված Արցախին:

Հակառակորդի դեմ ելավ անկախության սերունդը, ելավ` հավատքով խրոխտ պաշտպանելու իր հայրերի քաջագործությամբ կերտված ազատությունը Արցախի: Նրանց մեջ ոգին էր իրենց հայրերի, նրանց մեջ ոգին էր Ավարայրի ու Սարդարապատի: Նրանք «կտրիճներ եղան պատերազմի մեջ, – ըստ առաքելական խոսքի, – և հաղթեցին …» (Եբր. 11.34), քանզի «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5.4): Քաջաբար կանգնած ընդդեմ մահու՝ նրանցից ոմանք ընկան մարտերում: Արյան վկայությունը Մեր զավակների, բարձրացավ առ Աստված: Եվ տեսավ Բարձրյալը, որ անմեղ է քաջերի արյունը, տեսավ, որ արդար է հայրենյաց մեր հերոս պաշտպանների գործը: Եվ Իր զորությունը հեղեց Աստված Արցախ աշխարհի վրա, Իր զորությունը պարգևեց՝ ետ շպրտելու թշնամում։ Հակառակորդը թողեց ավերված շինություններ, անմեղ զոհեր, այդ թվում՝ երեխա ու կանայք, սպանված ու վայրագորեն խոշտանգված ծերեր, անդամահատված հայ զինվորների մարմիններ: Այդ ոճրագործությունները ադրբեջանական կողմը հպարտությամբ ցուցադրում և տարածում էր համացանցով` ներկայացնելով որպես քաջագործություն` ցրելու վախը իր զինվորների, իր բնակչությանը պահելու ռազմատենչության ու հայատյացության մեջ՝ սքողելով իր պարտության իրողությունը:

Արցախի սահմաններից հայրենասիրությունն ու ազգանվիրումը ալիքվեց ու տարածվեց և համախմբեց ի սփյուռս աշխարհի Մեր զավակներին, որոնք դարձան բռունցք, որպեսզի ամուր պահեն սահմանները Արցախ աշխարհի։ Բազում հայորդիներ կամավոր մեկնեցին Արցախ և այսօր էլ նորեր համալրում են շարքերը հայոց բանակի` զորակցելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները ևս աղոթքով, խաչով ու Ավետարանով օրհնում ու քաջալերում են հայրենյաց պաշտպաններին, որպեսզի մեր մարտիկները հոգով զորանան, միշտ արիասիրտ մնան ընդդեմ հակառակորդի ռազմական արկածախնդրության:

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրենյաց սահմանին իրավիճակը դեռ մնում է լարված: Մշտապատրաստ լինենք զսպելու մեր դեմ ամեն ոտնձգություն և կանխելու ծրագրվող ամեն ոճրագործություն: Հայրենիքի սահմանների պաշտպանության պայքարի հետ մենք պիտի շարունակենք ավելիով ջանքեր բերել միջազգային տեղեկատվական և քաղաքական հարթակներում: Արցախյան իրադարձությունների մասին ի լուր աշխարհի բարձրաձայնումը կարևոր է ինչպես միջազգային հանրության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես և Ադրբեջանին հովանավորող ցեղասպան Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության զսպման և տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Հավատում ենք, սիրելիներ, առաջադեմ աշխարհը, որ ջատագովն է մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, մարդկության դեմ գործվող ոճիրների կանխարգելման, պիտի աջակից լինի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Աղոթենք և հայցենք, սիրելի հայորդիներ, որ Բարձրյալն Աստված զորակից լինի և արդյունավորում շնորհի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բոլոր բարի ջանքերին: Թող Տերը զորություն պարգևի մեր ժողովրդին՝ կյանքի կոչելու հզոր Հայրենիքի, անվտանգ ու բարօր կյանքի մեր տեսիլքները, որի համար նահատակվեցին մեր զավակները: Աղոթենք մեր նահատակների հոգիների հանգստության համար, որդեկորույս ու սգացյալ մեր մայրերի համար, որ հայրենասիրության զգացումով պարուրեցին իրենց սրտերի տրտմությունը: Հայցենք, որ խաղաղություն լինի հայրենի մեր երկրում և համայն մարդկության կյանքում:

Աստված Փրկիչ մեր, պահիր և պահպանիր Քեզ ապավինած և հուսացած Քո ժողովրդին, շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն Քո սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո այսօր և հավիտյան. ամեն»։

Այս առիթով խոսք է ասել նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը՝ իր հերթին զորակցություն հայտնելով Արցախի ժողովրդին ու հայոց բանակին և կոչ ուղղելով հայությանը մեկտեղելու ուժերը՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ կյանքի։ Արամ Ա Հայրապետը նշել է, որ առաջին անգամ է այցելում Արցախ, սակայն Արցախը միշտ եղել է իր սրտում և հոգում։
«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և երբեք ոտնձգություն չենք արել, սակայն երբեք չենք թողել, որ մեր թշնամիները մեր արդար իրավունքները ոտնահարեն։ Թշնամին պետք է գիտենա, որ Արցախի մեր ժողովուրդը առանձին չէ, այլ ունի զորակցությունը ողջ հայ ժողովրդի։ Պատմությունը մեզ սովորեցրել է, որ ճակատագրական պահերին միասնական ուժը մեր մեծագույն զենքն է, հետևաբար այսօր ևս ողջ հայ ժողովուրդը միասնական այս ուժը պիտի օգտագործի՝ զորակցելու Արցախի մեր ժողովրդին և պաշտպանելու մեր նահատակների արյունով սրբագործված հողը»,-շեշտել է Նորին Սրբությունը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելել են վանքի տարածքում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոն, ուր ծանոթացան Արցախի տարբեր գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանների, Արցախի, մասնավորապես Գանձասարի պատմությունն արտացոլող հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի ցուցադրությանը։
Շրջայցից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ունկնդրել են Վանք գյուղի դպրոցի սաների և զինվորների կողմից կատարված հայրենասիրական երգերն ու ասմունքը, ապա օրհնելով ներկա երիտասարդներին՝ նրանց ընծայել խաչեր։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, այցելել են նաև Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը և նրանց բուժման ընթացքը։

Այնուհետև Գարեգին Բ և Արամ Ա Հայրապետները, հոսպիտալի բժշկական կազմի ուղեկցությամբ, այցելել են հիվանդասենյակներ՝ վիրավոր զինվորներին բերելով իրենց օրհնությունն ու քաջալերանքի խոսքերը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իրենց գնահատանքն են հայտնել հոսպիտալի բուժանձնակազմին՝ ցուցաբերած նվիրումի և հոգատարության համար, արիասիրտ հայորդիներին մաղթել շուտափույթ ապաքինում։

Երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ միասին շրջայց են կատարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, ծանոթացել վերջին շրջանում կատարված քաղաքաշինական աշխատանքներին՝ բարձր գնահատելով քաղաքի բարեկարգմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը։