Եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական բեսպրեդելին, կառավարական բոլոր շենքերը և Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով․ ԲՀԿ թեկնածու
Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին մի հստակ ուղերձ հղել․ այն, ինչ-որ այսօր ժամը 13։00-ից սկսելու է ԿԸՀ շենքի մոտ, ընդամենը սկիզբն է, և եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական բեսպրեդելին և էս կամայականություններին, կառավարական բոլոր շենքերը և Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով։ Այսինքն՝ որևէ կերպ իշխանության բեսպրեդելը հաղթել չի կարող։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսում ասաց ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցը։
«Այս ազդակը մենք իշխանությանը հղել ենք նաև ընտրություններից առաջ՝ ակնկալելով, որ իրենք քաղաքակիրթ, կառուցողական, մրցակցային միջավայրում կանցկացնեն ընտրությունները։ Ցավոք սրտի, այս հորդորը չհասկացվեց։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է՝ Ենոքավանի Մուսոլինիի կարգավիճակով կարող է մեզ հպատակեցնել կամ ԲՀԿ ընտրաթիմը կոտրել, չարաչար սխալվում է։ Առաջիկա օրերին նա կհամոզվի՝ նաև մեր քաղաքական-հանրային գործողությունների շնորհիվ»,- ասաց Սուրենյանը։