ԱՄՆ-ը պատրաստ է ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ռուսաստանի ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուբիոն նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնում հույս ունեն, որ խաղաղության հաստատումը կնպաստի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ավելի կառուցողական հարաբերությունների զարգացմանը։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վերակենդանացել են Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ Երկու երկրների նախագահների մակարդակով առաջին բանակցությունները 2021 թվականից ի վեր տեղի են ունեցել անցյալ տարվա օգոստոսին՝ Ալյասկայում։ Սակայն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, մոտ ապագայում երկու երկրների ղեկավարների հանդիպում չի սպասվում։
Այս տարի Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորանքներ են հղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև Վիետնամի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարները։