Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ոգեկոչել են Հայրենական մեծ պատերազմի զոհերին
Գյումրիում՝ Ռուսաստանի 102-րդ ռազմական բազայում, Հիշատակի և սգո օրվան անցկացվել է «Հիշատակի մոմ» ակցիան, հայտնում են Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից:
Բազայի զորահրապարակում հարյուրավոր վառվող մոմերից ձևավորվել է 1418 թիվը։ Դա խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմի տևողությունը՝ 1418 օր ու գիշեր, որոնք խորհրդային ժողովուրդը անցավ մինչև Հաղթանակ։
Զինծառայողները վառել են մոմեր, կազմել խորհրդանշական պատկեր և մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի զոհերի հիշատակը։ Այդ լռությունն ու մոմերի լույսը դարձել են հարգանքի տուրք միլիոնավոր մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել խաղաղության և ազատության համար։
Բազայի ներկայացուցիչների խոսքով՝ այս հիշատակը նաև հիշեցում է ծառայության և պարտքի մասին՝ արժանի լինելու նախորդ սերունդների կատարած սխրանքին։
Գյումրիում գործող «Ռուսական տան» տնօրենը նշել է, որ այսօր մարդիկ խոնարհվում են նրանց հիշատակի առաջ, ովքեր հնարավորություն են տվել ապրել խաղաղ երկնքի տակ, և կարևոր է չմոռանալ այդ պատմական դասը։
Հիշատակի միջոցառումները շարունակվել են նաև եկեղեցում, որտեղ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ պատերազմի զոհերի հիշատակին։
«Հիշատակի մոմ» ակցիան դարձել է խորհրդանիշ՝ հիշելու պատերազմի գինը և սերունդների միջև կապը: