Ֆրանսիայում Բրիս Ռոքֆոյին շնորհվել է ՀՀ Բարեկամության շքանշան
Հունիսի 22-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյի՝ ՀՀ Բարեկամության շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, որը կարևորեց Բրիս Ռոքֆոյի էական ավանդը վերջին տարիներին հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման գործում, ինչի վերաբերյալ հռչակագիրը երկու երկրների ղեկավարները ստորագրել էին մայիսի 5-ին՝ նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում։
Ելույթ ունեցավ նաև վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, որը շնորհակալություն հայտնեց այս բարձր պարգևի համար և վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հետագա ամրապնդման։
Ընդունելությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրիս Ռոքֆոյի ընտանիքի անդամները։