Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Կրասնոդարի, Ուֆայի և Կուբանի նավթավերամշակման գործարաններին
Ռուսաստանի Ուֆա քաղաքի նավթավերամշակման գործարանի մոտ մի շարք պայթյուններ և հրդեհ է բռնկվել։ Ռուսական Telegram ալիքների տվյալներով՝ սև ծուխ է բարձրացել դեպի երկինք։
Տեղացի բնակիչները պնդում են, որ անօդաչու թռչող սարքի հարձակումն ուղղված է եղել նավթավերամշակման գործարանին։
Հնարավոր է՝ հարվածի տակ են հայտնվել Ուֆայում գտնվող երեք նավթավերամշակման գործարաններից երկուսը։
Կրասնոդարի երկրամասի Պոլտավայի նավթամբարում հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելուց հետո, հայտնել է Կրասնոարմեյսկի շրջանի ղեկավար Ալեքսանդր Խարիտոնովը։
Կուբանի տարածաշրջանային աշխատանքային խումբը հաստատել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերը Ռուսաստանի մարզերի վրայով ուկրաինական 269 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։