Իրաքն ՕՊԵԿ-ին կոչ է արել մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտան
Իրաքը դիմել է նավթ արտահանող խոշորագույն երկրների «ՕՊԵԿ» միավորմանը՝ կոչ անելով մեծացնել նավթի արդյունահանման իր քվոտան՝ հայտարարելով, որ Իրանի մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած պատերազմը վնաս է հասցրել երկրի նավթային արդյունաբերությանը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով Իրաքի նավթի նախարարությանը։
Տարածաշրջանի նավթարդյունահանող մյուս պետությունների նման, Իրաքը նույնպես լրջորեն տուժել է Մերձավոր Արևելքի հակամարտությունից։ Երկրի տնտեսությունը մեծապես կախված է նավթի արտահանումից, որն ապահովում է պետական բյուջեի եկամուտների շուրջ 90 տոկոսը։
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ Իրաքը «հետևողականորեն ընդգծել է արդյունահանման բազային մակարդակների վերանայման կարևորությունը», որպեսզի դրանք համապատասխանեն կազմակերպության անդամ երկրների արդյունահանման կայուն հնարավորություններին, ինչպես նաև հաշվի առնեն «Իրաքի անվտանգության առանձնահատուկ պայմաններն ու տնտեսական հանգամանքները»։
Գերատեսչությունը նշել է, որ ՕՊԵԿ-ն արդեն արձագանքել է այս դիմումներին՝ սկսելով մասնակից պետությունների արդյունահանման հնարավորությունների վերագնահատման գործընթացը։
Հինգշաբթի լրատվամիջոցներում հայտնված լուրերի ֆոնին, ըստ որոնց Իրաքը հնարավոր է դուրս գա ՕՊԵԿ-ից, Նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ ալ-Ռիկաբին Ֆրանսպրես գործակալությանը հայտարարել է, որ Բաղդադը մտադիր չէ լքել կազմակերպությունը և հավատարիմ է մնում դրա մեխանիզմներին։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ կազմակերպությունը պետք է մեծացնի նավթի արդյունահանման իրաքյան քվոտան։
«ՕՊԵԿ-ը պետք է բարձրացնի Իրաքի արդյունահանման քվոտան։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք որոշում ընդունել՝ կազմակերպությունում մնալու կամ դրանից դուրս գալու վերաբերյալ»,- հայտարարել է ալ-Ռիկաբին։