Շենգավիթցի «Կյաժ Աշոտին» սպանելու գործով գնդապետի՝ հետախուզման մեջ գտնվող տղան հայտնաբերվել է
Երեկ՝ հունիսի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչության ծառայողները վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Գնդապետի որդին էլ լինես, չես պլստա» անունը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ 2020 թվականի հուլիսի 18-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի կողմից հետախուզվող Անդրանիկ Մգոյանը գտնվում է ինչ-որ հասցեում։
Տեղում քրեական ոստիկանները 2 օպերատիվ խմբեր են կազմում ու մեկնում նշված հասցե, որտեղ էլ հաջողվում է Ա․ Մգոյանին հայտնաբերել և տեղափոխել Երևանի քրեական ոստիկանություն։
Կայքը հայտնում է, որ Ա. Մգոյանը հետախուզվում էր Երևանում հայտնի «Կյաժ Աշոտի» սպանության գործով, իսկ նրա հայրը ոստիկանության գնդապետ էր, ով երկար տարիներ աշխատել է ՀՀ Ներքին գործերի նախարարության, իսկ հետո ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։