Ֆրանսիայում ավելի քան 130 միլիոն եվրո են հատկացրել դպրոցների և մանկապարտեզների հովացման համար՝ անոմալ շոգի պատճառով
Ֆրանսիայում դպրոցներն ու մանկապարտեզները հովացման համակարգերով սարքավորելու և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար հատկացվել է ավելի քան 130 միլիոն եվրո։ Միջոցառումն ուղղված է կրթական հաստատությունները ծայրահեղ շոգի ժամանակահատվածներին նախապատրաստելուն, հաղորդում է «Европейская правда»-ն՝ հղում անելով Ֆրանսպրես գործակալությանը։
Նշվում է, որ ֆրանսիական դպրոցների մեծ մասը նախատեսված չէ բարձր ջերմաստիճանների համար և սարքավորված չէ օդորակման համակարգերով։ Շոգի ֆոնին հինգշաբթի կրթության ոլորտի աշխատողների արհմիությունները գործադուլի կոչ են արել՝ հայտարարելով «անընդունելի աշխատանքային պայմանների» մասին։
Ֆրանսիական EDF էներգետիկ ընկերությունը հայտարարել է 80 միլիոն եվրո հատկացնելու մասին՝ դպրոցները, մանկապարտեզները և երեխաների խնամքի կենտրոնները հովացման համակարգերով ապահովելու համար։ Այս գումարի կեսը կուղղվի ավելի քան 100 հազար միավոր սարքավորումների՝ օդափոխիչների, ջրային փոշեցիրների և օդորակիչների գնմանը՝ ավելի քան 10 հազար հաստատությունների համար մինչև սեպտեմբերի վերջ։
Մնացած միջոցները կբաշխվեն յուրաքանչյուր հաստատությանը 10 հազար եվրոյի չափով դրամաշնորհների տեսքով՝ մինչև հաջորդ տարվա հունիսի վերջ հովացման համակարգերի հետագա բարելավման համար։
EDF-ում հայտարարել են, որ ծրագրի նպատակն է օգնել կրթական հաստատություններին հարմարվել ինչպես ներկայիս պայմաններին, այնպես էլ ջերմաստիճանի երկարաժամկետ աճին։
Լրացուցիչ կերպով ֆինանսական կառույցները, ներառյալ Banque Postale-ը և Banque des Territoires-ը, ևս 50 միլիոն եվրո կհատկացնեն շուրջ 12,5 հազար դպրոցների արդիականացման համար։
Օդերևութաբանների տվյալներով՝ հունիսի 23–24-ը դարձել են Ֆրանսիայում դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերը, իսկ վերջին տվյալների դրությամբ՝ երկրի ավելի քան 60 դեպարտամենտ շարունակում է մնալ եղանակային վտանգի «կարմիր» մակարդակի ներքո։