«Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» մրցութային ծրագիրը գնահատելու է մեկ մարդ՝ Կաննի մրցանակակիր Միշել Ֆրանկոն
«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ մրցութային ծրագիրը, ինչպես նախորդ տարի, 2026-ին ևս գնահատելու է մեկ մարդ։ Եվ եթե 2025-ին այդ մարդը ռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենն էր, ապա այս անգամ մենթոր-ժյուրիի դերում մեքսիկացի անվանի ռեժիսոր, Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի Գլխավոր մրցանակի դափնեկիր Միշել Ֆրանկոն է։
«Ֆրանկոյի ֆիլմերն արդեն մեկ տասնամյակից ավելի սառը ցնցուղի պես սթափեցնում ու ապշեցնում են համաշխարհային հանդիսատեսին։ Ռեժիսորի ստեղծած անզիջում ու դաժան էկրանային իրականության մեջ հանրահայտ դերասանները՝ Ջեսիքա Չեսթեյնը, Թիմ Ռոթը և ուրիշները, հնարավորություն են ստանում ներկայանալ չափազանց անսովոր լույսի ներքո»,- նշում են «Ոսկե ծիրան» կինոփառատոնից։