Ինքնաթիռը բախվել է Պեկինի ամենաբարձր շենքին
Մոտավորապես մեքենայի չափ փոքր ինքնաթիռը, ըստ ականատեսների, ուրբաթ օրը բախվել է Պեկինի ամենաբարձր շենքին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ ոստիկանությունը փակել է երկնաքերի հարակից ճանապարհները, մինչդեռ Չինաստանի իշխանությունները միջադեպի վերաբերյալ որևէ պաշտոնական տեղեկություն կամ մեկնաբանություն չեն ներկայացրել։
Միջադեպը տեղի է ունեցել «CITIC Tower»-ում, որը հայտնի է նաև որպես «China Zun»։ 108-հարկանի երկնաքերը գտնվում է Պեկինի կենտրոնական գործարար թաղամասում և հանդիսանում է պետական սեփականություն հանդիսացող «CITIC Group»-ի գլխավոր գրասենյակը։
Դեպքի վայրում մեծ թվով ոստիկաններ և հրշեջ մեքենաներ են եղել, իսկ մի շարք ճանապարհներ փակվել են երթևեկության համար։ Ականատեսների խոսքով, շենքի վերին հարկերում վնասվել են երկու ապակե վահանակներ։
Ականատեսի խոսքով, ինքը տեսանյութ է նկարահանել, որտեղ երևում էր, թե ինչպես է ինքնաթիռը դուրս ցցված շենքից, սակայն ավելի ուշ ջնջել է այն՝ վախենալով, որ ոստիկանությունը կարող է իրեն ձերբակալել։ Նա նշել է, որ ոստիկանները խոչընդոտում էին մարդկանց լուսանկարել, պահանջում էին ջնջել արդեն արված տեսանյութերն ու լուսանկարները և հեռացնում էին մարդկանց շենքի շրջակայքից։
Մեկ այլ ականատես հայտնել է, որ դեպքի վայր է գնացել սոցիալական ցանցերում տարածված, սակայն չհաստատված լուսանկարները տեսնելուց հետո։ Այդ նկարներում, ըստ նրա, շենքի հարակից ճանապարհին երևում էին փոքր ինքնաթիռի բեկորներ։
Մոտակա շենքի աշխատակիցներից մեկը պատմել է, որ ժամը մոտ 18:45-ին իր գրասենյակի պատուհանից տեսել է կապույտ բրեզենդով ծածկված մեծ առարկա, որը, նրա գնահատմամբ, Volkswagen Beetle ավտոմեքենայի չափ էր։
Ուրբաթ օրվա ընթացքում միջադեպի վերաբերյալ հրապարակումները չինական սոցիալական ցանցերից արագորեն հեռացվել են։
Դեռևս անհայտ է՝ ինքնաթիռի վթարը եղել է պատահակա՞ն, թե՞ դիտավորյալ։ Միջադեպն առավել ուշագրավ է այն պատճառով, որ Պեկինի կենտրոնում օդային տարածքը խիստ սահմանափակված է։
Ավելի ուշ դեպքի վայրում գտնվող ոստիկաններից մեկը Reuters-ի լրագրողներին խնդրել է հեռանալ։ Երբ լրագրողները հարցրել են պատճառը, նա պատասխանել է. «Մենք բոլորս գիտենք, թե ինչու»։
Մինչ այժմ Չինաստանի իշխանությունները չեն հրապարակել պաշտոնական տեղեկատվություն միջադեպի պատճառների, հնարավոր զոհերի կամ վնասների ամբողջական ծավալի վերաբերյալ։