ԵՄ-ն 100 մլն եվրո է հատկացնում Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով
Եվրամիությունը 100 մլն եվրո է հատկացրել Լիբանանում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տեղահանված անձանց մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով, «X» սոցիալական ցանցում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է։
Ֆոն դեր Լայենը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ միջնորդական ջանքերի համար, գրելով.
«Հաջորդ կարևոր քայլերն են ոչ պետական խմբավորումների զինաթափումը, ինչպես նաև Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը։
Եվրամիությունը պատրաստ է աջակցել տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման այս ուղուն, այդ թվում՝ շարունակելով անհրաժեշտ մարդասիրական օգնության մատակարարումները, որի շրջանակներում արդեն իսկ մոբիլիզացվել է 100 մլն եվրո՝ տեղահանված անձանց աջակցելու համար»։