Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչ Վահագն Դալլաքյանը միջնորդություն է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու մասին. 168.am
168.am-ը գրում է.
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Սևանում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի վերաբերյալ գործի քննությունը:
Այս դատաքննության ժամանակ Ռուբեն Հայրապետյանի շահերը ներկայացնում է փաստաբան Վահագն Դալլաքյանը, Դատախազության շահերի ներկայացուցիչը Լիանա Բելոյանն է: Մյուս պատասխանողը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն է:
Դատական նիստի մեկնարկին Վահագն Դալլաքյանն ասաց՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն կներկայացնեն, ապա հանրային մեղադրողը ներկայացրեց հայցադիմումի բովանդակությունը, որից հետո Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը հարցեր ուղղեց նրան:
Հաջորդիվ Վահագն Դալլաքյանը ներկայացրեց միջնորդությունը, որի ստորագրված գրավոր տարբերակը տրամադրեց կողմերին, ինչից հետո դատախազությունը երկշաբաթյա ժամկետ խնդրեց դիրքորոշում ներկայացնելու համար:
Ռուբեն Հայրապետյանի ներկայացուցիչը չառարկեց: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Դատական նիստն ընդմիջվեց: Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 17:30-ին: