Հնարավոր կլինի՞ ՀՀ-ում բջջայինների բազայով հետևել մարդկանց. պարզաբանում է պաշտոնյան
IMEI կոդերի բազան չի պարունակի հեռախոսների սեփականատերերի մասին անձնական տվյալներ: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
Ավելի վաղ հայտնի դարձավ՝ կառավարության որոշմամբ` Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թ. հունվարի 1–ից կոդերը կգրանցվեն առցանց և կսահմանվի պետական տուրք։ Բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը, եթե IMAI կոդը գրանցված չլինի։
Օրինագծի հրապարակումից հետո տեղեկատվական անվտանգության մի շարք մասնագետներ հայտարարեցին, որ այդ բազայի միջոցով հնարավոր կլինի ակնթարթորեն նույնականացնել, թե ով ինչ հեռախոսով է գնել, ինչ հրապարակումներ է անում, ինչն էլ կարող է դառնալ այլախոհների նկատմամբ տոտալ վերահսկողության միջոց:
Երիցյանը հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ համակարգն ամբողջովին անանձնական է լինելու. կլինի 15 նիշանոց կոդերի աղյուսակ, որոնց կողքին կլինեն միայն հեռախոսի կարգավիճակի մասին նշումներ` օրինական կամ անօրինական:
Երիցյանը նշեց, որ IMEI կոդերը` որպես այդպիսին, վաղուց են օգտագործվում Հայաստանում, պարզապես երկրում գործող երեք բջջային օպերատորներից յուրաքանչյուրը պահում է իր առանձին բազա: