Պայթյուն Մոնակոյում. վիրավորվել է ուկրաինացի հայտնի օլիգարխն ու իր ընտանիքի անդամները
Ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաևը և նրա ընտանիքի անդամները վիրավորվել են Մոնակոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։
Այս մասին հայտնել է Le Figaro թերթը՝ հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրին։
Տեղեկատվության համաձայն՝ անհայտ անձը ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել Երմոլաևի բնակելի շենքի մուտքի մոտ։ Թերթը նշում է, որ օլիգարխը լքել է Ուկրաինան ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո և այդ ժամանակից ի վեր բնակվում է Մոնակոյում:
Թերթը պարզաբանում է, որ գործարարը և նրա կինը ծանր վիրավորվել են պայթյունի հետևանքով, իսկ նրանց 13-ամյա որդին ստացել է թեթև վնասվածքներ։
Ուկրաինական Strana.ua հրատարակությունը հիշեցնում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից Երմոլաևի դեմ պատժամիջոցներ է կիրառել դեռևս 2023 թվականին։