Ուկրաինան օգնություն է խնդրել Ադրբեջանից
Ադրբեջանը կարող է Ուկրաինային մեթոդական օգնություն ցուցաբերել անհետ կորած անձանց որոնման համար գենետիկական հետազոտություններ անցկացնելու հարցում։
Այս մասին հայտարարել է Պետական անվտանգության ծառայության գլխավոր ռազմաբժշկական վարչության պետ, գեներալ-մայոր Ռուֆատ Ալիևը՝ «Անհետ կորած անձանց հարցի լուծման և համագործակցության ամրապնդման ժամանակակից մոտեցումներ» միջազգային կոնֆերանսում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը համապատասխան խնդրանքով դիմել է Ադրբեջանին։
«Ուկրաինայի առողջապահության նախարարության խնդրանքին ի պատասխան՝ մենք հայտարարել ենք գենետիկական հետազոտություններ անցկացնելու և մասնագետների վերապատրաստման կազմակերպման հարցում մեթոդական օգնություն ցուցաբերելու հնարավորության մասին», - ասել է Ալիևը։
Գեներալ-մայորը ընդգծել է, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր ռազմաբժշկական վարչության գենետիկական հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ժամանակակից սարքավորումները, որակավորված մասնագետները և կուտակված փորձը լայն հիմք են ստեղծում անհետ կորած անձանց որոնման գործում միջազգային համագործակցության համար։