«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․
44-օրյա պատերազմից գրեթե 6 տարի անց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքված չէ: Եթե կնքված էլ լիներ, առանց միջազգային հզոր երաշխավորների կամ առանց ռազմական հավասարակշռության հաստատման, Ադրբեջանի հետ արդար, հարատեւ խաղաղություն չի լինելու` սա բոլորն են հասկանում։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այս իրողությունն անտեսելով, համառորեն հայտարարում է, որ խաղաղությունն արդեն հաստատվել է: Այդ տրամաբանության մեջ էլ պարտադիր զինծառայության ժամկետը 2 տարուց 1,5 տարի դարձրին` կրճատելով բանակի թվաքանակը։
Իշխանությունը պայքարում է «ռեւանշիզմի դեմ»` հանրակրթական դպրոցներից հանվում են զոհված ազատամարտիկների լուսանկարների ցուցապաստառները, փառքի սրահները, հետիոտնի անցումներում ջնջում են զոհված հերոսների գրաֆիտի նկարները: Դրան գումարած` դպրոցական ծրագրում «Հայոց պատմությունը» փոխարինվել է «Հայաստանի պատմությամբ», հրաժարվել են Արարատ լեռան խորհրդանիշից եւ այլն։