Երաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են ունենալ իրենց առաջին դասագիրքը․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունի
Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի երաժշտության տեսության ամբիոնի վարիչ Շաքե Հովհաննիսյանը երաժշտական դպրոցների առաջին դասարանի աշակերտների համար հեղինակել է նոր ու աննախադեպ դասագիրք, որն այժմ տիրաժավորելու և լայն տարածման կարիք ունի։
Գրքի ստեղծման գաղափարը ձևավորվել է Շաքե Հովհաննիսյանի երկարամյա մանկավարժական փորձի և ոլորտում առկա բացերի ուսումնասիրության արդյունքում։
Շաքե Հովհաննիսյանն ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը՝ տեսական բաժինը, այնուհետև ուսումը շարունակել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ կոմիտասագետ Ռոբերտ Աթայանի ղեկավարած դասարանում։
Նրա մանկավարժական գործունեությունն սկսվել է 1982 թվականին, իսկ 1994 թվականից մինչ օրս դասավանդում է Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջում՝ ղեկավարելով երաժշտության տեսության ամբիոնը։
Խոսելով դասագրքի ստեղծման անհրաժեշտության մասին՝ Շաքե Հովհաննիսյանը նշում է, որ երկար տարիներ երաժշտական դպրոցների առաջին դասարանցիների համար համապատասխան դասագիրք պարզապես չի եղել։
«Հիշում եմ՝ դեռ 1983 թվականին, երբ համակարգիչները լայնորեն հասանելի չէին, դասերի համար անհրաժեշտ նյութերը պատրաստում էինք գրամեքենայով։ Այդ ժամանակից սկսած հավաքագրում ու համակարգում էի տարբեր թեմաներ, որոնք հետագայում արդեն համակարգչի օգնությամբ հավաքագրվեցին ու դարձան այս դասագրքի հիմքը»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է նա։
Գրքի ստեղծման գաղափարը վերջնականապես ձևավորվել է 2017 թվականին, երբ Շաքե Հովհաննիսյանը, աշխատելով Սոս Սարգսյանի կնոջ՝ Նելլի Սարգսյանի ղեկավարած «Մշակույթի զարգացման» հիմնադրամում որպես մեթոդիստ, աշխատանքային այցերով եղել է Հայաստանի տարբեր մարզերում։
«Այցերի ընթացքում նկատեցի, որ շատ երաժշտական դպրոցներում համապատասխան մասնագետներ չկան։ Իսկ աշխատող մանկավարժները դասավանդում էին այն նյութերով, որոնցով իրենք էին սովորել։ Դրանք նախատեսված էին բարձր տարիքի ուսանողների համար և բավականին բարդ էին 7-8 տարեկան երեխաների ընկալման համար։ Այդ ժամանակ էլ ծնվեց միտքը ստեղծել դասագիրք, որը միաժամանակ կլինի մեթոդական ուղեցույց ուսուցիչների համար և հետաքրքիր, մատչելի ուսումնական նյութ՝ երեխաների համար»,- ասում է Շաքե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դասագրքի գունագեղ և հարուստ նկարազարդումները պարզապես ձևավորման տարր չեն։
«Նպատակն ամենևին էլ երեխայի ուշադրությունը շեղելը չէ։ Ընդհակառակը՝ պատկերազարդումներն օգնում են ավելի հեշտ ընկալել և հիշել թեմաները։ Այդ կերպ երեխան ավելի արագ է կենտրոնանում և յուրացնում դասը»,- նշում է նա։
Շաքե Հովհաննիսյանի խոսքով՝ նոր դասագրքերի ստեղծմանը նպաստել են նաև տարիների ընթացքում ուսանողների և աշակերտների հաճախ տրվող հարցերը, որոնց լիարժեք պատասխանը չէին գտնում եղած գրականության մեջ։
Դասագրքի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հիմնված է ազգային երաժշտական նյութի վրա։ Գրքում ընդգրկված են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ժողովրդական երգեր, ինչպես նաև Շաքե Հովհաննիսյանի հեղինակային գործերը, որոնք նպաստում են երեխաների երաժշտական ճաշակի ձևավորմանը և ազգային մշակույթի ճանաչմանը։
Հեղինակի համոզմամբ՝ հայ իրականության մեջ նման բովանդակությամբ և երեխաների համար մատչելի ձևաչափով ուսումնական գրականություն չկա։
Թեև երաժշտության տեսության վերաբերյալ նախկինում հրատարակվել են արժեքավոր դասագրքեր, ժամանակը նոր մոտեցում և ժամանակակից ուսումնական նյութ էր պահանջում։
Շաքե Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը հաստատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Այն նաև գրանցված է «Հայհեղինակ» հեղինակային իրավունքի պաշտպանության կազմակերպությունում, և գրքի նկատմամբ բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են։
Սակայն, չնայած դասագրքի պատրաստ լինելուն, այն դեռևս չի տպագրվել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Այժմ անհրաժեշտ է ապահովել տպագրության/տիրաժավորման համար պահանջվող ֆինանսավորումը, որպեսզի ձեռնարկը հասանելի դառնա երաժշտական և արվեստի դպրոցներին։
«Այս գիրքը դրական արձագանք է ստացել նաև բազմաթիվ ուսուցիչների կողմից, որոնք անհամբեր սպասում են դրա հրատարակությանը և հասանելի լինելուն»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասում է Շաքե Հովհաննիսյանը։
* * *
Դասագրքի նախաբանում հեղինակը ներկայացնում է ձեռնարկի նպատակն ու կրթական արժեքը՝ ընդգծելով, որ այն նախատեսված է արվեստի և երաժշտական դպրոցների առաջին դասարանի աշակերտների համար։
Ձեռնարկում ընդգրկված են ուսումնական ծրագրին համապատասխան բոլոր թեմաները, որոնք ներկայացված են ինչպես կանոնների, այնպես էլ հեղինակային չափածոների ձևով։ Հեղինակի համոզմամբ՝ չափածո նյութերը, հանելուկներն ու խմբային խաղերը դասապրոցեսը դարձնում են ավելի ակտիվ, հետաքրքիր և ներգրավող։ Դրանք նաև հնարավորություն են տալիս ուսումնական տարվա ավարտին կազմակերպել թիմային խաղ-ամփոփումներ կամ թեմատիկ շնորհանդեսներ։
Դասագրքում տեղ գտած գունազարդումները միայն ձևավորման նպատակ չեն հետապնդում։ Դրանք ունեն նաև ուսուցողական նշանակություն. տարբեր գույներով առանձնացված են, օրինակ, կայուն և անկայուն աստիճանները, առաջին և երկրորդ տետրախորդները և այլ կարևոր երաժշտական հասկացություններ, ինչը հեշտացնում է թեմաների ընկալումն ու հիշողությունը։
Յուրաքանչյուր տոնայնության համար նախատեսված են ինտոնացիոն և աստիճանական վարժություններ, իսկ 2/4, 3/4 և 4/4 չափերում ներկայացված են առանձին տրամաբանական առաջադրանքներ և ռիթմական խմբավորման օրինակներ։
Դասագրքում ընդգրկված ստեղծագործական վարժությունները՝ ռիթմիկ պատկերներին նոր տևողություններ ավելացնելը կամ անցած տոնայնություններում սեփական մեղեդիներ հորինելը, նպատակ ունեն զարգացնել երեխաների ստեղծագործական մտածողությունն ու երաժշտական երևակայությունը։
Յուրաքանչյուր թեմային համապատասխան ներկայացված են հայ ժողովրդական երգեր, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև հեղինակի սեփական մեղեդիները։
Ժամանակակից ուսուցման պահանջներին համահունչ՝ դասագրքում տեղադրված QR կոդերի միջոցով աշակերտները կարող են լսել գամմաների, ինտոնացիոն վարժությունների և երգերի ձայնագրությունները։ Սա հնարավորություն է տալիս ինքնուրույն աշխատանքի ընթացքում ճիշտ ընկալել և վերարտադրել ուսումնական նյութը։
Ձեռնարկի ավարտին ներառված է նաև «Գիտունիկի անկյուն» բաժինը, որտեղ թեստային առաջադրանքների միջոցով ամփոփվում և ամրապնդվում են աշակերտների տեսական գիտելիքները։
Արմինե Մկրտումյան