ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռի անձնակազմի երեք անդամ փրկվել է Արաբական ծովում վթարային վայրէջքից հետո
Ամերիկյան MH-60S Sea Hawk ուղղաթիռի անձնակազմի երեք անդամներ փրկվել են Արաբական ծովում ջրի վրա վթարային վայրէջք կատարելուց հետո, չորրորդ զինծառայողի որոնումները շարունակվում են, հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով ԱՄՆ Ռազմածովային ուժերի Կենտրոնական հրամանատարությանը (NAVCENT):
Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով մոտավորապես 03:30-ին (տեղական ժամանակով մոտ 11:00-ին): Ուղղաթիռը, որը կցված է USS George H.W. Bush ավիակրին, դեռևս չպարզված պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել ջրի վրա։
Անձնակազմի չորս անդամներից երեքը բարձրացվել են ավիակրի տախտակամած։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն: Չորրորդ զինծառայողի որոնումները շարունակվում են տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի և միջոցների ներգրավմամբ։
NAVCENT-ում ընդգծել են, որ այս պահի դրությամբ չկան որևէ նշաններ այն մասին, որ ուղղաթիռը խոցվել է թշնամական գործողությունների հետևանքով։
USS George H.W. Bush ավիակիրը Մերձավոր Արևելքում է գտնվում ապրիլի վերջից և մնում է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան երկու ավիակիրներից մեկը, որտեղ ԱՄՆ-ը պահպանում է զգալի ռազմական ներկայություն՝ չնայած Օրմուզի նեղուցով նավագնացության համար նախկինում սահմանված սահմանափակումների չեղարկմանը։