Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է համագործակցությունը
Երևանում հուլիսի 2-ին կայացած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի (ՀՀՄԱ) տարեկան հաշվետու համաժողովն ուղեկցվեց համագործակցության երկու հուշագրերի ստորագրմամբ։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փաստաթղթերը նոր ուղղվածություն և բովանդակություն են հաղորդելու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Հայաստանի երկրաբանների միության հետ ՀՀՄԱ փոխգործակցությանը։
Հուշագրերը իրենց ստորագրություններով վավերացրեցին ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը։
Վարդան Ջհանյանը ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ առանձնացրեց ոլորտի նշանակությունը երկրի տնտեսական կյանքում և միջազգային ասպարեզում նրա ներկայանալի լինելու կարևորությունը։ Նշվեց, որ վերջին տարիներին հաջողվել է ավելի տեսանելի դարձնել ոլորտի կարևորությունը։