Դուշման Վարդան․ ազատամարտիկ, որի անունը դարձավ թշնամու սարսափը․ այսօր նրա հիշատակի օրն է
Վարդան Ստեփանյանը (Դուշման), Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցում է Հայ դատի ռազմական թևի հետ: Ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ, ստեղծում է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ազատամարտիկները:
Դուշման մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում: Դուշմանը մասնակցել է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին, այնուհետև անցել է Արցախ, որտեղ մասնակցել է Բադարա և Ասկերանի շրջանի Դագրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակցության ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր), մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին:
1992թ. հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում իր ընկերների` Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց դավադիր ականից: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով:
ՀՅԴ