Քիշնևում աշխատանքը դադարեցնում է «Ռուսական տունը»
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հուլիսի 4-ից աշխատանքը դադարեցնում է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը («Ռուսական տուն»): Այս մասին հայտնել են Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատանը՝ ճշտելով, որ հաստատության գործառույթների մի մասը կփոխանցվի դիվանագիտական առաքելության մշակութային բաժնին, գրել է Newsmaker-ը։
Կենտրոնի հայտարարության մեջ նշվել է, որ փակման որոշումը կապված է մոլդավական իշխանությունների գործողությունների հետ։ Հաստատությունում ափսոսանք են հայտնել աշխատանքի դադարեցման կապակցությամբ և ընդգծել, որ երկար տարիներ կենտրոնը մշակութային փոխանակման, երկխոսության և կրթական համագործակցության հարթակ է ծառայել։ Այնտեղ նաև հույս են հայտնել, որ երկրում ռուսաց լեզվի, մշակույթի և գիտության նկատմամբ հետաքրքրությունը կպահպանվի։
Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է կենտրոնի փակումը և հայտնել, որ կշարունակի հումանիտար և մշակութային աշխատանքն իր դիվանագիտական լիազորությունների շրջանակում, որոնք նախատեսված են 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայով։
Դիվանագիտական առաքելությունում նաև հայտնել են ռուս-մոլդավական հումանիտար կապերը պահպանելու մտադրության մասին՝ 2001 թվականի բարեկամության և համագործակցության պայմանագրին համապատասխան, ընդգծելով, որ կենտրոնի գործունեությունը, իբր, նպաստել է մշակութային երկխոսության զարգացմանը։
Միաժամանակ քննարկվում է Մերձդնեստրում նոր «ռուսական կենտրոն» բացելու հնարավորությունը։ Տիրասպոլի ներկայացուցիչները հայտնել են Քիշնևում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի փակվելուց հետո նման կառույց ստեղծելու ծրագրերի մասին, սակայն մոլդավական իշխանական կառույցներում նշել են, որ նման նախաձեռնությունները իրավական հիմք չունեն առանց երկկողմ համաձայնագրի։
Մոլդովայի վերինտեգրման հարցերով փոխվարչապետը հայտնել է, որ նման կենտրոնի ստեղծումը պահանջում է միջպետական համաձայնեցում, երկրի մշակույթի նախարարը մատնանշել է արտերկրում ուսուցման ծրագրերի հետ կապված ռիսկերը՝ հիշատակելով քաղաքացիների համար հնարավոր հետևանքները։
Մոլդովայի խորհրդարանի նախագահը տարածաշրջանում նոր կենտրոն բացելու նախաձեռնությունը քաղաքականապես մոտիվացված է անվանել։
Քիշնևում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը գործում էր 2009 թվականից՝ 1998 թվականի համաձայնագրի հիման վրա։ 2025 թվականին Մոլդովայի իշխանությունները որոշում ընդունեցին չեղարկել այն՝ դա բացատրելով անվտանգության նկատառումներով, այդ թվում՝ անօդաչու սարքերի կողմից երկրի օդային տարածքի խախտումներով։ Անցյալ տարվա դեկտեմբերին Մոլդովայի ԱԳՆ-ն պաշտոնապես տեղեկացրել էր Ռուսաստանին համաձայնագրի գործողության դադարեցման մասին։