Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղnւթյան հնարավոր զարգացումը
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը։
«Անմիջապես և մանրակրկիտ լվացեք վերքը օճառով և առատ հոսող ջրով առնվազն 15 րոպե։
Հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության՝ անկախ վերքի չափից կամ խորությունից։
Բժշկի նշանակմամբ ստացեք կատաղության դեմ պատվաստումները։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվի նաև հակակատաղության իմունոգլոբուլին։
Ինչո՞ւ են պատվաստումները խիստ կարևոր
Կատաղության կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց հետո գրեթե միշտ ավարտվում է մահվամբ։
Սակայն կենդանու կողմից վնասվելուց հետո ժամանակին իրականացված կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը։ Հետևաբար, պատվաստումները տվյալ իրավիճակում ոչ միայն կանխարգելիչ, այլև կյանք փրկող նշանակություն ունեն։
Ինչպե՞ս է փոխանցվում կատաղությունը
Վարակումը կարող է տեղի ունենալ հիվանդ կենդանու կողմից՝
կծելու,
ճանկռելու,
վնասված մաշկը կամ լորձաթաղանթը թքոտելու միջոցով։
Վարակի հիմնական աղբյուր կարող են լինել շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները և այլ կաթնասուններ։
Հետևաբար`
Խուսափեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
Մի փորձեք ինքնուրույն բռնել կամ տեղափոխել կասկածելի վարք դրսևորող կենդանիներին։
Կենդանիների կողմից վնասվելու ցանկացած դեպքում մի սպասեք ախտանշանների ի հայտ գալուն, այլ անմիջապես դիմեք բժշկական օգնության։
Ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին կատաղության դեմ պատվաստումներ կարելի է ստանալ հետևյալ բժշկական կենտրոններում.
Երեխաների համար՝
«Արաբկիր» բժշկական համալիր
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
«Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր
Մեծահասակների համար՝
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
«Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն
«Էրեբունի» բժշկական կենտրոն
«Աստղիկ» բժշկական կենտրոն
«Շենգավիթ» բժշկական կենտրոն
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր
«Երևան» բժշկագիտական կենտրոն
Հիշե՛ք. Կատաղությունը հնարավոր է կանխարգելել միայն ժամանակին դիմելու և բժշկի նշանակած կատաղության դեմ պատվաստումների ամբողջ կուրսն ավարտելու դեպքում։
Մի՛ հետաձգեք բժշկին դիմելը»,- ասվում է հաղորդագրությունում։