Անդալուսիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի հետևանքով 12 մարդու մահվան պատճառով
Իսպանական Անդալուսիա տարածաշրջանում պաշտոնական եռօրյա սուգ է հայտարարվել՝ Լոս Գալյարդոսի շրջանում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով մարդկային զանգվածային զոհերի կապակցությամբ։ Կրակի դեմ պայքարը շարունակվում է, գրում է El País-ը:
Ներկա պահին հաստատվել է 12 մարդու մահ, ևս ութը ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ 23 մարդու ճակատագիրը մնում է անհայտ։ Զոհվածների թվում կարող են լինել Մեծ Բրիտանիայի և Բելգիայի քաղաքացիներ։
Սուգը կտևի ուրբաթ օրվա և հանգստյան օրերի ընթացքում։ Այդ ժամանակահատվածում պետական հաստատությունների շենքերի վրա դրոշները կխոնարհվեն։ Բացի դրանից, սգի պատճառով չեղարկվել է Լոս Անջելեսում անցկացվելիք Իսպանիայի և Բելգիայի հավաքականների միջև ֆուտբոլային խաղի հանրային հեռարձակումը։
Անդալուսիայի նոր կառավարության անդամները, որոնք ուրբաթ պետք է երդմնակալության արարողություն անցկացնեին, տեղի ունեցած ողբերգության պատճառով այն անցկացրել են հեռավար ձևաչափով։
Այն շրջաններ, որտեղ կազմակերպվել են տուժածների օգնության կետեր, ուղևորվում են տասնյակ կամավորներ՝ տարհանված բնակիչներին աջակցելու համար։
Հրդեհը, որն արագորեն տարածվել է մեծ տարածության վրա, արդեն ոչնչացրել է ավելի քան 3000 հեկտար անտառ և առայժմ մնում է անվերահսկելի։ Հրշեջների աշխատանքը բարդացնում է ուժեղ քամին։
Քննության նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ կարող էր դառնալ էլեկտրական մալուխի ընկնելը, ինչից հետո կրակը տարածվել է անտառային զանգվածի վրա։
Լոս Գալյարդոսում հինգշաբթի բռնկված հրդեհը համարվում է մինչ օրս Անդալուսիայում տեղի ունեցած ամենաավերիչ անտառային հրդեհը։