Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան
Բաքվի բանտում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Հաշվի առնելով, որ վերաքննիչ ատյանը մենք չենք դիտարկում որպես արդյունավետ մեխանիզմ, և պարոն Վարդանյանը նաև հրապարակայնորեն նշել է, որ մտադրություն չունի բողոքարկել վերադասության ատյան, մենք արդեն մտադիր ենք գործը ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,– ասաց Սահակյանը։
Միաժամանակ իրավաբանը նշեց,որ որ մյուս 15 հայ գերիների գործերով ամբողջական դատավճիռները դեռ չեն տրամադրվել։ Ըստ նրա` փաստաբանների տրամադրության տակ առայժմ միայն դատավճիռների քաղվածքներն են, որոնց հիման վրա բողոքներ են ներկայացվել Ադրբեջանի վերաքննիչ դատարան։ Սահակյանի գնահատմամբ՝ նման ընթացակարգը չի կարող արդյունավետ համարվել, քանի որ առանց դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթանալու հնարավոր չէ հիմնավորված բողոք ներկայացնել։
«Մեր գնահատմամբ՝ այդ գործընթացը ձևական է։ Առանց դատական ակտի պատճառաբանական մասի ծանոթ լինելու հնարավոր չէ արդյունավետ բողոք իրականացնել»,– ընդգծեց իրավապաշտպանը։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը հավելեց, որ հենց ամբողջական դատավճիռները հասանելի դառնան նաև մյուս 15 գործերով, դրանք ևս կներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
«Երբ հասանելիություն կլինի նաև 15 գործով դատավճռի ամբողջական տեքստին, բնականաբար, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվելու են նաև այդ գործերը։ Դատավարական ժամկետներ կան, և մենք առաջիկա շաբաթների ընթացքում Ռուբեն Վարդանյանի գործը ներկայացնելու ենք ՄԻԵԴ»,– նշեց Սիրանուշ Սահակյանը։