Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել ավտոմեքենայի և մոպեդի վրա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ–փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները տեղում պարզել են, որ ուժեղ քամու հետևանքով փտած ու դարն ապրած հաստաբուն ծառը պոկվել և ընկել է այդ պահին ընթացող «Honda» մակնիշի ավտոմեքենայի և մոպեդի վրա, ինչի հետևանքով մոպեդավարը տեղում մահացել է։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի՝ ժողովրդին ավելի շատ հայտնի «Բեգոյանի հիմնարկ»-ի աշխատակիցները մի քանի անգամ փորձել են ծառը հեռացնել, քանի որ այն իրական վտանգ է ներկայացրել, բայց մի խումբ այսպես կոչված բնապահպանները դեմ են դուրս եկել ու եթե այդպես չլիներ այսօր այս դժբախտ դեպքը տեղի չէր ունենա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, մոպեդավարը օտարերկրացի է։