Սպորտսմեններ ու սպորտ լուսաբանող ընկերներ ջան, դուք ձեր խիղճը ուր եք մտցրել, որքանո՞վ եք վաճառել. Ռոբերտ Գասպարյան
Օլիմպավանի փակումը, ՀԱՕԿ-ի գործունեության սահմանափակումը ոչ այլ ինչ է, քան ուղիղ հարված հայկական սպորտին, մեր մարզաշխարհին։ Ինչպե՞ս է դրան արձագանքում հայկական մարզաշխարհը՝ 0,5 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը:
«Ես երկար տարիներ աշխատել եմ Օլիմպավանի շենքում, մեծ պատվով մեկնաբանել եմ Բասկետբոլի Ա Լիգայի հանդիպումները, լուսաբանել եմ (ոչ այնպիսի ծավալով, ինչպես օրինակ իմ այլ գործընկերներից շատերը) օլիմպիական սպորտաձևերը։ Ու հիմա ես տեսնում եմ համատարած անտարբերություն սպորտի նկատմամբ պետական ոտնձգության վերաբերյալ։ Սակավաթիվ մարդիկ են արտահայտվում, ով էլ արտահայտվում է, անունը կապում են Գագիկ Ծառուկյանի հետ։
Ես էլ եմ արտահայտվում, դե իմն էլ կապեք, տեսնեմ կարող ե՞ք։ Ես մի կողմ եմ դնում քաղաքական տողատակերը, բայց սպորտսմեններ ու սպորտ (ոչ ֆուտբոլ) լուսաբանող ընկերներ ջան, դուք ձեր խիղճը ուր եք մտցրել, որքանո՞վ եք վաճառել։ Խոսեք, արտահայտվեք, դուք հանրային կարծիք եք ձևավորում, առաջինները ծածանում են Հայաստանի դրոշը, երկրորդները դրա մասին լուսաբանում են։ Միացեք իրար ու փրկեք հայկական սպորտը ՆՎԱՍՏԱՑՈՒՄԻՑ։
Ուշքի եկեք, ընկերներ, Ուշքի եկեք։ Քաղաքականությունը սպորտի հետ կապ չունի, խիղճն էլ չի վաճառվում, ընկերներ։ Այսօր կուշտ նստած եք ու թքած ունեք՝ ինչ են ապազգային մարդիկ անում սպորտի հետ, վաղը ձեր վրա են թքած ունենալու ու ճիշտ են անելու։
Նկատեք խնդրում եմ, որևէ քաղաքական կոչ չեմ արել, քնեցրած առյուծներին ու չուչելներին չեմ անդրադարձել, ով ում ինչի համար է փակել՝ չեմ անդրադարձել։ Ես սպորտի մասին եմ մտահոգվում, ոչ թե անձերի։
Հ.Գ. Առաջարկում եմ բոլոր մարզիկներին, որոնք մարզվում էին օլիմպավանում ու հիմա դադարել են մարզվել կամ բարդություններ ունեն, իրենց մարզման ժամերը, տաքսիներին տված գումարների անդորագրերը ուղարկել Արայիկ Հարությունյանին, թող ինքը կոմպենսացնի։ Հա ի՜նչ, մարդը ավելի քան 7000$ փող ունի Իսպանիա - Բելգիա խաղի տոմս առնելու, մի 7-10 ՀԱՅ մարզիկի պարապմունքը փակելու փող չունի՞»,- գրել է նա` օգտագործելով «բացեք օլիմպավանը» հեշթեգը: