Ի՞նչ է նշանակում` բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով. ո՞ւմ եք ապուշի տեղ դնում. Իոաննիսյան
«Փաշինյանի հետ հրապարակային վիճաբանած բժշկուհուն աշխատանքից ազատելը՝ առերևույթ քաղաքական հետապնդում է։ Այդ որոշման համար պատասխանատու բոլոր անձինք պետք է պարզվեն, որպեսզի ենթարկվեն իրավական պատասխանատվության կամ, առնվազն, հանրային պարսավանքի»,-գրում է խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած «Անկախ դիտորդ»-ի անդամ Դանիել Իոաննիսյանը։
Անդրադառնալով բժշկուհուն ազատելու վերաբերյալ ներկայացրած պատճառներին՝ նա շարունակում է.
«Ի՞նչ է նշանակում բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով։ Ինչպե՞ս կարող է բաժինը շարունակել գործել, բայց բաժնի ղեկավարի հաստիքը կրճատվի։ Ո՞ւմ եք ապուշի տեղ դնում»։
Հիշեցնենք, որ Արաբկիրում նախընտրական քարոզչություն իրականացնող Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած բժշկուհին մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանն է։ Այսօր հայտնի դարձավ, որ նրան ազատել են աշխատանքից։ Սողոյանի հարազատ եղբայրը 44-օրյա պատերազմում անհետ կորած է։