Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները հավելավճարներ կստանան
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը:
Ըստ հիմանվորման՝ գործող որոշմամբ սահմանված են ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Սակայն 2025 թվականի նոյեմբերի 1-ից՝ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ոստիկանության զորքերը դադարել են գործել, և ստեղծվել է նոր կառույց՝ Ոստիկանության գվարդիան։
Նախագծի համաձայն՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարները՝ կախված զբաղեցրած պաշտոնից, զինվորական կոչումից և ստացած գնահատականից, կկազմեն 95 հազարից մինչև 560 հազար դրամ։
Նշենք, որ ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվում է ատեստավորման գործընթացը, որը ոչ միայն ծառայողների գիտելիքների և հմտությունների գնահատման մեխանիզմ է, այլև սոցիալական խթան՝ ուղղված աշխատավարձերի բարձրացմանն ու ծառայողական առաջխաղացմանը։