Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ. Հաջիև
Ադրբեջանն ու Հայաստանն արդեն իսկ ապրում են իրական խաղաղության պայմաններում, սակայն մնացած իրավական խոչընդոտները պետք է վերացվեն, նախքան վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը օկուպացված Շուշիի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումի շրջանակներում Reuters-ին տված հարցազրույցում։
«Մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում։ Ադրբեջանի և Հայաստանի համար խաղաղությունը պարզապես թղթի վրա գրված կամ հռչակագրում պարունակվող բան չէ. այն իրականություն է», - ասել է Հաջիևը՝ նշելով երկու երկրների միջև ուղիղ շփումների ընդլայնումը և ադրբեջանական նավթամթերքի Հայաստան մատակարարման աճը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մնում է անփոփոխ։
«Սահմանադրական փոփոխությունների ձևը Հայաստանի ներքին գործն է։ Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք մենք դիտարկում ենք որպես մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես չեղյալ հայտարարվեն՝ նոր սահմանադրության ընդունման միջոցով, թե այլ իրավական մեխանիզմով», - նշել է օգնականը։
Ըստ նրա, երբ այս հարցը լուծվի, վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չեն մնա։ Հաջիևը շեշտել է, որ միայն փոփոխությունների նախագծի հրապարակումը բավարար չէ. դրանք պետք է պաշտոնապես ամրագրվեն։
Ավելին, Ալիևի օգնականը հայտնել է, որ Ադրբեջանը լուրջ և դրական ազդանշաններ է ստացել Միացյալ Նահանգներից TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման վերաբերյալ։
«Մեր դիրքորոշումն այն է, որ այս նախագիծը պետք է իրականացվի հնարավորինս շուտ», - հայտարարել է նա։