ՀՀ ԱԳՆ-ն ՄԱԿ-ում քննարկել է խաղաղապահ համագործակցությունն ու տարածաշրջանային անվտանգությունը
Հուլիսի 15-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությանը, մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգության օրակարգի արդիական հարցերի, այդ թվում` Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերը։