ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար
ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը փոխել է օտարերկրացի լրագրողներին, ուսանողներին և փոխանակման ծրագրերով ժամանող անձանց վիզաների տրամադրման կանոնները՝ նրանց երկրում գտնվելու ժամկետը սահմանափակելով ֆիքսված ժամանակահատվածով: Դրա մասին ասվում է գերատեսչության ծանուցման մեջ, որը զետեղվել է Դաշնային գրանցամատյանում (ամերիկյան կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուում):
Ինչպես բխում է փաստաթղթից, ամերիկյան իշխանությունները ելնում են այն կանխադրույթից, որ կանոնների փոփոխությունը նրանց կօժտի «լրացուցիչ պաշտպանությամբ և ավելի մեծ վերահսկողությամբ», ինչպես միաժամանակ «հնարավորություն կտա ավելի մանրակրկիտ հետևել՝ արդյոք նշված ոչ ներգաղթային վիզաների տիրապետողները պահպանո՞ւմ են իրենց կարգավիճակը ԱՄՆ-ում ժամանակավոր գտնվելու ընթացքում»:
Օտարերկրյա լրագրողները, ուսանողները և փոխանակման ծրագրով ժամանող անձինք ստանում են համապատասխանաբար I, F և J կարգի վիզաներ: Այդ փաստաթղթերը, ըստ նախկին կանոնների, թույլ էին տալիս գտնվել ԱՄՆ տարածքում այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում էին երկիր ժամանելու նպատակներն ու պայմանները. օրինակ՝ քանի դեռ անձը շարունակում է աշխատել օտարերկրյա լրատվամիջոցում կամ սովորել ամերիկյան համալսարանում: Մինչ այժմ նման վիզաները մեծ մասամբ գործողության ֆիքսված ժամկետ չունեին:
Ըստ նոր կանոնի՝ օտարերկրյա լրագրողները կկարողանան ԱՄՆ մուտք գործել աշխատանքի նպատակով ոչ ավելի, քան 240 օր ժամկետով, իսկ այնուհետև՝ անհրաժեշտության դեպքում, երկարաձգել այն: Չինաստանի քաղաքացիների համար նշված ժամկետն առաջարկվում է սահմանափակել 90 օրով: Օտարերկրյա ուսանողները և փոխանակման ծրագրերով ժամանող անձինք կկարողանան երկրում գտնվել ուսման ժամկետի կամ փոխանակման ծրագրի տևողության ընթացքում, բայց ոչ ավելի, քան չորս տարի: