Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Նյու Դելիում հազարավոր ուսանողներ, ծնողներ, ակտիվիստներ և քաղաքական առաջնորդներ երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենք՝ կոչ անելով Հնդկաստանի կրթական համակարգի բարեփոխումներ իրականացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ցույցը կազմակերպվել է «Խավարասերների ժողովրդական կուսակցություն» երիտասարդական շարժման կողմից: Դելիի ոստիկանությունը հայտնել է, որ երթն արտոնված չէ: Ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը արցունքաբեր գազով:
Ցուցարարները պահանջում են կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականը: Դժգոհությունը կապված է իշխանությունների որոշման հետ՝ չեղարկել բժշկական ինստիտուտների ընդունելության քննությունների արդյունքներն ավելի քան 1 միլիոն մարդու համար: Դրա պատճառ է դարձել քննական հարցերի արտահոսքը, հետևաբար, շատերը ստիպված կլինեն նորից քննություն հանձնել:
Ցույցերը մեծ թափ են ստացել հատկապես հուլիսի 18-ից հետո, երբ շարժման ղեկավար Սոնամ Վանգչուկին, որը 21 օր գտնվում էր հացադուլում, ստիպողաբար տեղափոխել են հիվանդանոց: Երիտասարդական շարժումը միլիոնավոր աջակիցներ է գրավել սոցիալական հարթակներում: