Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Ռուբեն Ռուբինյանը ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից. սաբոտաժի ռիսկ կա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը չի ստանա պատգամավորական մանդատ։ Մինչ այդ էլ, մեր տեղեկություններով, նա հույս ուներ պահպանել ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, սակայն նոր խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Ռուբեն Ռուբինյանը նրան չի վերանշանակելու։ Սաբոտաժի ռիսկ կա ԱԺ-ում։
Մեր տեղեկություններով՝ Առաքելյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ընտրացուցակի 107-րդ համարն է, գործնականում զրկվում է պատգամավոր դառնալու հնարավորությունից, քանի որ հերթը մինչև այդ համարը չի հասնելու։ Նույնիսկ եթե հետագայում ցուցակում հերթաշարժ տեղի ունենա, իշխանական շրջանակներում քննարկվում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հրաժարվել մանդատից։
Այսպիսով, Առաքելյանը միաժամանակ կանգնում է երկու կորուստների առաջ՝ զրկվելով թե՛ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, թե՛ պատգամավորական մանդատ ստանալու հնարավորությունից։
Դավիթ Առաքելյանի քաղաքական կենսագրությունն ուշագրավ է նաև նրանով, որ նա համարվում է ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը և աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր հենց Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում։ Բացի այդ, նա հայտնի է նաև որպես ՔՊ վարչության անդամ Հասմիկ Հակոբյանի զուգընկերը։
Իշխանական շրջանակներում «Ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանի ապագա զբաղվածության հարցն այս պահին բաց է մնում։ Եթե մեր տեղեկությունները հաստատվեն, ապա նա Ալեն Սիմոնյանի քաղաքական թիմի մյուս ներկայացուցիչների նման կմնա առանց պաշտոնի, իսկ հետագա պաշտոնավարման հարցը, ըստ մեր աղբյուրների, կախված կլինի արդեն Ալեն Սիմոնյանի քաղաքական հնարավորություններից և նոր պայմանավորվածություններից: