Աֆղանստանում հեղեղումների հետևանքով կա 20 զոհ, 80 վիրավոր և 100 անհետ կորած
Աֆղանստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կառավարության հայտարարությանը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ ևս 80 մարդ վիրավորվել է, իսկ 100-ից ավելի բնակիչներ անհետ կորած են համարվում։ Իշխանությունները չեն բացառում զոհերի թվի աճը:
Աղետների կառավարման ազգային վարչության տվյալներով՝ բնակիչներին և ենթակառուցվածքներին ամենաշատ վնասը հասցվել է Նուրիստան նահանգի մայրաքաղաք Պարուն քաղաքում։ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին գտնվող հեռավոր շրջանում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Գործակալությունը նշում է, որ Աֆղանստանը կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ ամենախոցելի երկրներից մեկն է, որի պատճառով երկրի որոշ շրջաններում ավելի հաճախակի երաշտներ են լինում, մինչդեռ մյուսներում՝ ավելի առատ տեղումներ։