Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքրերի կողմից սոցցանցերի օգտագործումն արգելող օրենքը
Ֆրանսիայի խորհրդարանը հաստատել է 15 տարեկանից փոքր երեխաների կողմից սոցիալական ցանցերի օգտագործումն արգելող օրենքը։
Սահմանափակումները կարող են ուժի մեջ մտնել սեպտեմբերին նոր ուսումնական տարվա սկզբին։ Ազգային ժողովի և Սենատի կողմից հաստատվելուց հետո, նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես սպասվում է, կստորագրի օրենքը։
Ըստ օրինագծի՝ սեպտեմբերի 1-ից սկսած, 15 տարեկանից փոքր անձանց կարգելվի սոցիալական ցանցերի հաշիվներ ստեղծել։ Առցանց հարթակները մինչև 2027 թվականի հունվարի 1-ը ժամանակ կունենան ջնջելու այս տարիքային խմբի անչափահասների առկա հաշիվները։ Օրինագիծը նաև արգելում է բջջային հեռախոսների օգտագործումը ավագ դպրոցներում և կպահանջի սոցիալական ցանցերի հարթակներից տարիքի ստուգման միջոցառումներ իրականացնել՝ համաձայն Ֆրանսիայի տվյալների պաշտպանության կարգավորողի պահանջների։
Սա կարող է ներառել Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակված և ԵՄ մի քանի անդամ պետություններում փորձարկված հավելվածի օգտագործումը։
Օրինագիծը ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Ֆրանսիայի առողջապահության վերահսկող մարմինը 2025 թվականի դեկտեմբերին հրապարակված զեկույցում զգուշացրել էր TikTok, Instagram և Snapchat հարթակների վնասակար ազդեցության մասին։ Հնարավոր ռիսկերի թվում են եղել ինքնագնահատականի նվազումը և ինքնավնասման, ինքնասպանության և թմրանյութերի օգտագործման հնարավոր աճը։
Վիճակագրության համաձայն՝ դեռահասների երկուսից մեկը օրական երկուից հինգ ժամ է անցկացնում սմարթֆոնի վրա, իսկ 58%-ը օգտագործում է իր հեռախոսները սոցիալական ցանցեր մուտք գործելու համար։
2025 թվականի դեկտեմբերին Ավստրալիայում սոցիալական ցանցերի մեծ մասի հասանելիությունը արգելափակվել է 16 տարեկանից փոքր անձանց համար։ Մեծ Բրիտանիայում 16 տարեկանից փոքր երեխաների և դեռահասների համար կարգելվեն այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Snapchat-ը, TikTok-ը, YouTube-ը, Instagram-ը, Facebook-ը և X-ը։