Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի ոլորանների սկզբնամասում բախվել են Արսեն Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի բեռնատարը և Արսեն Կ.-ի վարած «Dodge» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ավետիք Նիկողոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի և բաժնի պետի տեղակալ Համլետ Ասոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Երեմ Դանիելյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վիրավորների ինքնությունը։