Լարված իրավիճակ՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ իրավապահները կապարակնքել են տոնավաճառի տաղավարների մի մասը
Այսօր՝ հուլիսի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում հայտնի «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ «Առինջ մոլ»-ի աշխատակիցների փոխանցմամբ, առավոտյան իրավապահները կրկին այցելել են առևտրի կենտրոն և գործողություններ են իրականացնում, ինչի համար էլ աշխատակիցները չեն կարողանում իրենց առօրյա առևտուրն անել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Աշխատակիցներն ի նշան բողոքի պատրաստվում են դիմել կտրուկ միջոցների, ընդհուպ փակելով Արտաշատի խճուղի - Սևան ավտոճանապարհը, սակայն այս պահին ոստիկանները բանակցություններ են տանում նրանց հետո, որպեսզի նման քայլի չդիմեն։
«Տաղավարի տեր ենք։ Եկել, 20 խանութից ավել փակել են։ Պատճառաբանում են, թե բարձրավոլտ հոսանքալարերի տակ է գտնվում տարածքը, բայց հենց նույն պահին դիմացը շինարարություն է տեղի ունենում, ու նշված տարածքը ևս այդ հոսանքալարերի տակ է։ Ցավալի է նաև, որ մեզ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի հիմք չեն ներկայացնում, պարզապես բառացի փոխանցել են պատճառը ու ոչ աշխատանքային օրով եկել, պլոմբել են տաղավարներն ու գնացել»,–նշել է աշխատակիցներից մեկը։