Գործադիրը հաստատել է Մեծամորի ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի հաշվետվությունը
Կառավարությունն ընդունել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։
Ծրագրումներառված է 103 միջոցառում։ «Ռուսատոմսերվիս» ընկերության պատասխանատվության ներքո գտնվող 23 խոշորացված միջոցառման շրջանակում կնքվել է 18 պայմանագիր։ Դրանցից 9–ը կատարման փուլում է, իսկ ինը պայմանագրով աշխատանքներն ավարտվել են։
ՀԱԷԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող 37 խոշորացված միջոցառման համար կազմակերպվել է 45 գնման ընթացակարգ։ Կնքվել է 36 պայմանագիր, որոնցից 17-ով աշխատանքներն ավարտված են։
«Ռուսատոմսերվիս»-ի հետ 2023 թվականի դեկտեմբերին կնքվել է շուրջ 57,5 միլիոն դոլարի շրջանակային համաձայնագիր։
Էներգաբլոկի անվտանգության գնահատման շրջանակում իրականացվել են հրդեհների ազդեցության, հավանականային անվտանգության, գործող նորմերի պահանջներից շեղումների և անվտանգության բարձրացման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ուսումնասիրություններ։ Հաշվետվությունների մի մասը ներկայացվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի դիտարկմանը։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները շարունակվում են