Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա ու վարորդի մարմինը. մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
Երեկ՝ հուլիսի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենա է գլորվել ձորը։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղուկությունը հավաստի է։
Ճանապարհից մոտ 80 մետր խորությամբ ձորում հայտնաբերվել է «Lexus» մակնիշի ավտոմեքենա և մահացած տղամարդու մարմին։Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Երկրապահ կամավորականների միության անդամ է, Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակից, ով անգամ սարսափ է առաջացրել հակառակորդի մոտ և անունը Համլետ է։
Դեպքի մասին ոստիկանության Կապանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սյունիքի վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։
Դեպքի փաստով ռազմական ոստիկանության Սյունիքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Սյունիքի կայազորի քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ամբողջական ինքնությունը։