Այսօր գլխավոր խնդիրը իշխանափոխության իրականացումն է. Տիգրան Աբրահամյան
Իշխանության խնդիրն էր «Բարգավաճ Հայաստանին» չթույլատրել մտնել խորհրդարան և ցույց տալ, որ ցանկացած ուժ, որը կփորձի խնդիր ստեղծել իշխանության համար, կպատժվի՝ անկախ անձի հեղինակությունից կամ գործունեությունից։ Լրագրողների հետ զրույցում ասեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Խոսելով ընդդիմության անելիքների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ այսօր հիմնական խնդիրը ոչ թե հետևանքների, այլ պատճառների դեմ պայքարելն է։
«Գլխավոր խնդիրը, որը կարող է կանխել մեր երկրում այս զարգացումները, պարզապես իշխանափոխության իրականացումն է»,– ասաց նա։
Պատգամավորի գնահատմամբ՝ հետընտրական իրավիճակը պահանջում է ընդդիմության ռազմավարության փոփոխություն, քանի որ նախկին մեթոդներով գործելու հնարավորություն այլևս չկա։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը պետք է վերագնահատի իրավիճակը, մշակի նոր գործելակերպ և գործի այլ ուղղություններով, հակառակ դեպքում նման դեպքերը կշարունակվեն։
«Միայն խորհրդարանով կամ խորհրդարանի միջոցով հնարավոր չէ լուծել իշխանափոխության կամ իշխանության համար իրական դիմադրություն ստեղծելու խնդիրը»,– նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ խորհրդարանական և փողոցային պայքարը պետք է լինեն ներդաշնակ և համակարգված։ Նրա խոսքով՝ տարբեր ընդդիմադիր ուժերը կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, սակայն ռազմավարական հարցերում պետք է հանդես գան միասնական դիրքերից և ձևավորեն ընդհանուր օրակարգ։
Աբրահամյանը նաև կարծիք հայտնեց, որ վերջին տարիներին հանրային օրակարգում գերակշռում են ձերբակալությունների և քաղբանտարկյալների թեմաները, մինչդեռ հիմնական քաղաքական խնդիրը մնում է չլուծված։ «Այս իշխանության համար կա մեկ նպատակ՝ իշխանությունը հնարավորինս երկար պահելն է, և դրան հասնելու ճանապարհին բոլոր քայլերը ձեռնարկվում են»,– եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։