Լեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորից
Լեհաստանի խոշորագույն «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցությունը, որը ղեկավարում է Յարոսլավ Կաչինսկին, ներկուսակցական պառակտման հետևանքով զրկվել է Սեյմի 40 պատգամավորից, հայտարարել է երկրի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Գիտեմ, որ տարբեր թվեր էին շրջանառվում: Մենք 40 պատգամավոր ենք, մեկ սենատոր և երեք եվրոպատգամավոր»,- լրագրողներին ասել է Մորավեցկին:
Ընդ որում, նա հայտարարել է, որ մինչև վերջին պահը փորձել է խուսափել կուսակցության պառակտումից:
«Մինչև վերջին րոպեն մենք պայքարում էինք «Օրենք և արդարություն» ճամբարի միասնության համար: Այսօր առավոտյան ես նոր առաջարկների ցուցակ եմ ուղարկել նախագահ Յարոսլավ Կաչինսկուն»,- ասել է նախկին վարչապետը:
«Օրենք և արդարություն» կուսակցության ներսում առճակատում է սկսվել, երբ PiS-ի ղեկավարությունը՝ ի դեմս նախագահ Յարոսլավ Կաչինսկու, որոշում է ընդունել արգելել իր անդամներին անդամակցել քաղաքական գործունեություն ծավալող այլ կազմակերպությունների: Այդ որոշումը փաստացի ուղղված է կուսակցության փոխնախագահ և Լեհաստանի նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկու ստեղծած «Զարգացում պլյուս» միավորման դեմ, որը Կաչինսկին իբրև ազդեցության հնարավոր այլընտրանքային կենտրոն է դիտարկում: