TRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա Ալավերդյան
TRIPP նախագիծն ուղղակի սահմանափակում է Հայաստանի Հանրապետության շփումներն Իրանի հետ և կտրում Ռուսաստանից։ Ասուլիսի ժամանակ այս տեսակետն է հայտնել իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց՝ ամերիկացի քաղաքագետ, սոցիոլոգ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին դեռևս 30 տարի առաջ Հարավային Կովկասը համեմատել է Բալկանների հետ: Նա կարծում էր, որ ԱՄՆ-ն պետք է գերիշխի այս տարածաշրջանում՝ խնդիր դնելով Ռուսաստանին դուրս մղել այստեղից։ Ուստի ԱՄՆ-ն, ըստ Ալավերդյանի, իր տասնամյակների ծրագիրն է ցանկանում իրականացնել։
«Եթե մարդիկ կասկածում են, պարզապես թող քարտեզին նայեն»,- ասաց նա։
Քաղաքագետ Միհրան Շահզադեյանը հավելեց՝ քանի դեռ նախագծի իրավական կարգավորումները պարզ չեն, ապա դա լուրջ մտահոգություններ է առաջացնում Իրանի և Ռուսաստանի համար։
«Ալիևն ասում է «Զանգեզուրի միջանցք», ինչո՞ւ չի օգտագործում «Թրամփի ուղի» եզրույթը․ սա լուրջ հարված է Հայաստանի համար, Ադրբեջանը ստանալու է վերահսկողության շատ ուժեղ լծակներ»,- նշեց քաղաքագետը։