Սեւ ծովում հարձակման է ենթարկվել ադրբեջանցիների բեռնատար նավը
Օդեսայի մարզի ափերի մոտ հարձակման է ենթարկվել «Ալբատրոս» կորպորացիային պատկանող ATA-2 առևտրային նավը։
Դեպքի մասին հայտնել է «Աջակցություն ադրբեջանցի ծովայիններին» հասարակական միավորման ղեկավար Իլհամ Նասիրովը։
Նրա խոսքով՝ բեռնատար նավը առավոտյան ժամերին հարձակման է ենթարկվել երեք հարձակողական անօդաչու թռչող սարքերով: Հարվածները նավին զգալի կառուցվածքային և մեխանիկական վնաս են հասցրել, սակայն այն մնացել է ջրի երեսին: Անձնակազմն այժմ շարժվում է դեպի Ռումինիայի տարածքային ջրեր։
Հարձակման ենթարկված բեռնատար նավի վրա գտնվում է անձնակազմի 13 անդամ՝ 12 Ադրբեջանի քաղաքացի և մեկ Թուրքիայի քաղաքացի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, և միջադեպի հետևանքով զոհեր չկան: