ՌԺԴ-ն զարմացած է երկաթուղիների վարձավճարի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններից․ մանրամասներ
«Ռուսական երկաթուղիներ» (ՌԺԴ) ընկերությունը հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի հետ կնքված երկաթուղային կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը։
Նրա խոսքով՝ կոնցեսիայի շնորհիվ Հայաստանը ստացել է ժամանակակից երկաթուղային համակարգ, իսկ հանրապետության բյուջեն ազատվել է դրա վերականգնման և պահպանման ծախսերից։
Բելոզյորովը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը։
Նա նաև հայտարարել է, որ ՌԺԴ-ն մտադիր է շարունակել պահպանել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ կոնցեսիայի դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալել կատարված ներդրումների վերադարձը։
Բելոզյորովի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն և ամենանշանակալի գործատուներից մեկն է։
Նա հավելել է, որ 2008-2025 թվականներին ՌԺԴ-ի և «Հարավկովկասյան երկաթուղու» սեփական եկամուտների հաշվին կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար։
Միաժամանակ ՌԺԴ-ի ղեկավարը նշել է, որ ընկերությունում զարմանքով և տարակուսանքով են մամուլից տեղեկացել Հայաստանում երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու մասին։