Հայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսի
2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանում հայկական կոնյակի մանրածախ վաճառքները տարեկան կտրվածքով նվազել են 12,2 տոկոսով՝ հասնելով 1,37 մլն դեկալիտրի, հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով շուկայի մասնակիցների տվյալներին։
Կոնյակի ընդհանուր պահանջարկի կառուցվածքում Հայաստանի մասնաբաժինը կազմել է 20 տոկոս՝ մեկ տարվա ընթացքում նվազելով 1,7 տոկոսային կետով։ Ըստ հրապարակման՝ դա կապված է Ռոսպոտրեբնադզորի որոշմամբ հայկական երեք արտադրողների արտադրանքի վաճառքի դադարեցման, ինչպես նաև դիստրիբյուտորների կողմից Հայաստանից մատակարարվող արտադրանքի ծավալների ինքնասահմանափակման հետ։
Շուկայի մասնակիցների տվյալներով՝ նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրված սովորական գինու վաճառքները Ռուսաստանում նվազել են 11,8 տոկոսով՝ մինչև 239,65 հազար դեկալիտր։ Միայն հունիսին անկումը կազմել է 18,9 տոկոս՝ մինչև 33,8 հազար դեկալիտր։ Հայաստանի մասնաբաժինը սովորական գինիների ընդհանուր վաճառքում մնացել է աննշան՝ 1 տոկոսից պակաս։
Ընդհանուր առմամբ, հայկական ալկոհոլային արտադրանքի վաճառքները Ռուսաստանում նվազում են ավելի արագ, քան շուկան ամբողջությամբ։ 2026 թվականի առաջին կիսամյակում կոնյակի վաճառքները (բացառությամբ ֆրանսիականի) նվազել են 4,6 տոկոսով՝ մինչև 6,85 մլն դեկալիտր, իսկ սովորական գինու վաճառքները՝ 3,7 տոկոսով՝ մինչև 28,63 մլն դեկալիտր։