ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին. զոհվել են ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Քուվեյթում գտնվող «Ալի ալ-Սալեմ» ամերիկյան ռազմաբազային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի համակցված հարված է հասցրել։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հարձակման թիրախներն են եղել հրամանատարական կետը և ամերիկյան հրամանատարության տեղակայման վայրը, ինչպես նաև Իրանի ուղղությամբ հարվածներին մասնակցող անօդաչու թռչող սարքերի անգարներն ու կայանման հարթակները։ Իրանական կողմը պնդում է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել են ամերիկյան մի քանի անօդաչու թռչող սարքեր, և զոհվել են ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներ։
ԻՀՊԿ-ում հայտարարել են, որ հարվածը պատասխան էր ամերիկյան ուժերի կողմից Սիրիկ քաղաքում բնակելի տան ուղղությամբ իրականացված հարձակմանը, որտեղ նշանադրության արարողություն էր տեղի ունենում։ Իրանական կողմի պնդմամբ՝ այդ հարվածի հետևանքով վիրավորվել է մոտ 70 մարդ, իսկ չորս մարդ, այդ թվում՝ երեխա, զոհվել է։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Հորդանանում, Բահրեյնում և Էրբիլում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ միաժամանակյա հարձակումների մասին։