Ռուբեն Վարդանյանի դատավճռում հարսանիքի կնքահայր լինելը որակվել է որպես հանցավոր գործունեություն
Ռուբեն Վարդանյանին վերագրվել են շատ լայն, մի քանի տասնյակ արարքներ ու մեղադրանքներ: Ասուլիսում ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դատավճռի միայն եզրափակիչ մասը հրապարակվել էր այս տարվա փետրվարի 17-ին դատական նիստում։
«Օրինակ նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և այս հարձակումները հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով տուժածներ, և որպես ապացույց դատարանում հանդես է եկել զոհը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել: Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին և վերջինս այս պահին քրեական պատասխանատվության է ենթարկվում այդ իրադարձության համար:
Ռուբեն Վարդանյանն իր գործունեության ընթացքում նաև սոցիալական ծրագրերում է ակտիվ ներգրավվածություն ունեցել, և այդ դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն, օրինակ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, և այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն»,- ասել է նա: